Ուղղաթիռի ներգրավմամբ հրդեհաշիջման ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Տավուշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ուղ

Սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում անցկացվել է «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Համատեղ ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հատուկ նշանակության և փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ՓԾ Տավուշի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մեկ կարգախումբ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ:
Ուսումնավարժությանը ներգրավված էր 24 միավոր տեխնիկա, այդ թվում Պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք:

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական միջոցառումների ընթացքում, ստուգել ներգրավված արձագանքող ուժերի պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը:

Ուսումնավարժությունն անցկացվեց չորս տեղամասերով. ըստ սցենարի՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպետության տարածքում հրդեհ էր բռնկվել:
Գործողություններին զուգընթաց իրականացվեցին բացազատման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ, խաղարկվեցին ավտոմեքենայի կտրման, հիդրավլիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերման և պատգարակման աշխատանքներ։
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ անտառտնտեսության 1 աշխատակից և 2 փրկարար ծխահարվեցին, որոնց տեղափոխումը օպերատիվորեն կազմակերպվեց ՀՆՓԱԻԿ-ի ճահճագնացների կողմից։

Առավել դժվարամատչելի հատվածներում, հրդեհաշիջման աշխատանքներին միացավ Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որի միջոցով իրականացվեց օդային հետախուզություն, այնուհետև հաջորդաբար հրդեհի օջախի տարածքում իրականացվեց ջրի երկու թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ։

Ամփոփելով աշխատանքները՝ ուսումնավարժության ղեկավար ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․Գևորգյանը դրական գնահատեց արդյունքները, նշեց առկա խնդիրները, տվեց մի շարք ցուցումներ՝ կարևորելով հատկապես ներգրավված ծառայությունների համակարգված և արդյունավետ փոխհամագործակցությունը, որն ուղղված է անտառային հատվածներում ռիսկերի նվազեցմանը։

--00—ԼՀ