Քննչական կոմիտեն ԵՊՀ-ում ձերբակալությունների մասին մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

c5befe089609c788d9cd0bd07917fe29_XL

2023թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 --00—ՅՄ