Հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սո

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԳԴՀ կառավարությունը։ 

«Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։

Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Կանցլերն ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:

Հակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ 

Ղարաբաղում մարդկանց համար թափանցիկ հումանիտար մատակարարումն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պատասխանատվությունն է։

Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

Կանցլերը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել», - ասված է ԳԴՀ կառավարության հաղորդագրության մեջ։

--ԼՀ--