Միայն Արցախում գիտեն, թե դպրոցականների ծնողների համար որքան դժվար է հավաքել աշակերտական պայուսակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

372816993_894591182230855_6391439333763413160_n

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում:

Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ, հնարավոր չէ գտնել: Միայն Արցախում գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց: Որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա: Որքան ծանր է լինելու ուսուցիչների աշխատանքը, տեսնելով թերսնված երեխաներին, նրանցից պահանջել կարգապահություն ու գիտելիք: Որքան դժվար է լինելու կրթական գերատեսչության համար՝ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ համակարգային լուրջ խնդիրների և գրեթե անհաղթահարելի խոչընդոտների պարագայում:

Այս ամենով հանդերձ՝ կրթական գործընթացն Արցախում չի ընդհատվում, և արցախցի երեխաներն այսօր՝ Գիտելիքի ու դպրության օրը, այցելել են դպրոց, իսկ ուսանողները՝ բուհեր: Նոր սերունդը կրթված ու մրցունակ պիտի լինի: Այս դժվարություններն օգնելու են լինել ուժեղ, խելացի, տոկուն ու ոչ ստանդարտ:

Իրական Արցախը սա՛ է: Առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում:

Հաղթահարել, երբ բոլորը դա անհավանական են համարում:

Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը»:

--00—ՅՄ