Դատապարտում ենք Կրիվոպուսկովի նկատմամբ ընդունած ՀՀ իշխանությունների ոչ իրավաչափ կամայական որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

հայ ռ

Դատապարտում ենք մեր գործընկերոջ՝ Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ ընդունած ոչ իրավաչափ, անձի իրավունքները ոտնահարող ՀՀ իշխանությունների կամայական որոշումը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամները:

«Հերթական խայտառակ դեպքը կատարվեց այսօր՝ օգոստոսի 24-ին։ Առավոտյան ժամը 6․00-ին «Զվարթնոց» օդանավակայանում առանց որեւէ բացատրության Հայաստան մուտքի թույլտվություն չեն տվել հայ ժողովրդի մեծ բարեկամ, «Խռովահույզ Ղարաբաղ» («Мятежный Карабах»), յոթ հրատարակություն ունեցող գրքի հեղինակ, Ադրբեջանում persona non grata հայտարարված Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովին։

Եթե փորձենք թվարկել բոլոր այն հայանպաստ գործերը, ելույթները, հոդվածները, որոնց առանցքում Արցախի անկախության հաստատմանը ուղղված Կրիվոպուսկովի իրավաչափ դիրքորոշումն է, շարանը երկար կլինի։

Նշենք, որ Հայ ժողովրդի պատմության քաջ գիտակ, ռուս մտավորական եւ հայրենասեր Վ․ Կրիվոպուսկովը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հստակ պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ, մեղմ ասած,  զարմանք էր արտահայտում ՀՀ իշխանությունների Արցախի հիմնահարցի ոչ թե կարգավորման, այլ ձախողման քաղաքականության վերաբերյալ։

Մենք՝ կազմակերպության անդամներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ ընդունած ոչ իրավաչափ, անձի իրավունքները ոտնահարող ՀՀ իշխանությունների կամայական որոշումը։

Հայտարարում ենք, որ շարունակելու ենք համագործակցությունը նրա կողմից ղեկավարվող  «Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության» հասարակական  կազմակերպության հետ․ բոլոր արգելքները հաղթահարելի են, երբ նպատակն է արդար։

Այսօր եւս մեկ անգամ հաստատվեց այն կարծիքը, որ Հայաստան այցելելու հնարավորությունը արգելվում է բոլոր այն անձերին, ովքեր պայքարում են Արցախը հայկական տարածք պահելու համար։

Դե ե՛կ, վարդապետ, ու մի՛ խենթանա»,- նշվում է հայտարարության մեջ:

--00—ԼՀ