Հայ մարզիկներն արդեն Բելառուսում են, որտեղ կմասնակցեն ԱՊՀ 2-րդ խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

1-1-750x375

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ, պատվիրակության ղեկավար Դավիթ Բաղումյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել են Մինսկ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենայում»:

Հատկանշական է, որ ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես` մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։

23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում:

Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

--00—ՅՄ