ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Մհեր-Սահակյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Ոսկանյանի, հուլիսի 26-ին կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Մհեր Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելք (նույնանում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցին) այլընտրանքային խափանման միջոցը պաշտպանական կողմի միջնորդությամբ փոփոխվել է և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է «Գրավը»՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

Ըստ մեղադրանքի` Մհեր Սահակյանն Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը):

--00—ՅՄ