ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ավելին էր սպասում, քան դիտորդական խումբը, խաղաղապահների հարցով ևս հիասթափություն կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

42037951_0_60_1600_961_1920x0_80_0_0_48ef777c84595591c0cef0c31326b183

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:

Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։

Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթարավեց։

Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։

Պատասխան. Եթե ​​հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ:

--00—ՅՄ