Արցախի բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

08a111c1-d183-47b9-a58c-4e207644e0d1.jpg

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային  էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով  էներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։

 «Սա մեր կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է, որը կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնի անխափան գործունեության համար: Այս ծրագիրը  նախաձեռնվել է՝ ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր  բուժհաստատության  համար: Մենք  փորձելու ենք  ամեն ինչ անել՝  ծրագիրն իրականություն դարձնելու համար»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նույնպես խիստ հրատապ է համարում նման ծրագրի իրականացումը:

«Գիտեք, որ հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է  Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, և  մենք ստիպված ենք հույսներս  ներքին  սուղ ռեսուրսների վրա դնել: Առջևում ձմեռ է, ու պիտի փորձենք հաղթահարելով  շրջափակման ընթացիկ դժվարությունները՝ նաև պատարաստվել ձմռանը: Եվ շնորհակալ ենք, որ այս իրավիճակում մենակ չենք»,- ասում է Մհեր Մուսայելյանը:

  1. Ծրագիրն իրականացվելու է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

--00—ԶՀ