Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու համար, սա է էթնիկ զտման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշմամբ, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանի այս որոշումը չի կատարվում։ Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ ո՛չ տրանսպորտային միջոցներ ո՛չ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող երկրները իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ԼՂ բնակչությունը զրկված է արտաքին մատակարարումներից․ «Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված, նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը»,-հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ