Վստահ եմ՝ դեռ աղոթքներ են հնչելու մեր սպիտակ վանքում՝ Ղազանչեցոցում․ Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

arush-arushanyan-e1608492518895

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի առթիվ․

«Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կերտեցին նաև հայերը։ Մարշալներ է  տվել մեր ազգը, հարյուր հազարավոր մարտիկներ, որոնք անզիջում կռվել են  ամենատարբեր ռազմաճակատներում։

Արցախյան առաջին գոյամարտի համար բեկումնային եղավ Շուշիի ազատագրումը․ 1992-ի մայիսի 9-ին բերդաքաղաքն արդեն ազատագրված էր։ Շուշին դարձավ հայ ժողովրդի հավաքական կամքի, միասնական ուժի հաղթանակի խորհրդանիշը։ Հաղթական ժողովուրդը բանակ դարձավ։

Հարգելի հայրենակիցներ,

Մայր Հայաստանի ու Լեռնային Արցախի համար ծանր ժամանակներ են։ Մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրողության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք դժվար պահին ուժ հավաքել,  չընկրկել, հերոսական ոգով մի բռունցք դառնալ՝ պայքարելու հանուն մեր պետականության պահպանման։

Մեր պապերի, հայրերի ու եղբայրների արիությամբ կերտված հերոսական դրվագներով պիտի թևավորվենք ու պատրաստվենք գալիք հաղթանակներին։

Հաղթնակներն ու պարտությունները փոփոխական են, սիրելի հայրենակիցներ, ուստի վստահ եմ՝ հայ ժողովուրդը իր մեջ գտնելու է այն հավաքական ուժը, որը բերելու է նոր հաղթանակների։

Վստահ եմ՝ դեռ աղոթքներ են հնչելու մեր սպիտակ վանքում՝ Ղազանչեցոցում։

Մենք մեր միասնությամբ և Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնենք հաղթահարելու նաև այս փորձությունը և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը։

Աստված պահապան բոլորիս»։

--00—ՅՄ