Փաշինյանն աթոռի մեռած գործիչ է, ժամանակին այլ բան էր խոսում, հիմա առաջնահերթությունն աթոռը պահելն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հայաստանի ներկա և նախկին իշխանություններն իրենց չարդարացրեցին, դա ակնհայտ իրողություն է, չտեսնելու համար պետք է մտախեղված լինել: Հաջողության հասնում են նրանք, ովքեր ունեն ճիշտ ռազմավարական դիրքորոշում, դաշնակիցներ, քաղաքակրթական ճիշտ ընտրություն, մեր մոտ ի սկզբանե ամեն բան սխալ է եղել: Պետական գործիչը մտածում է սերնդի ապագայի մասին, իսկ քաղաքական գործիչը՝ հերթական ընտրությունների մասին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Պետք է հասկանալ՝ դիմացինդ ազգա՞յին գործիչ է, թե աթոռի համար մեռած, ով որևէ ոլորտում հաջողություն չի ունեցել, մտածել է աթոռի տեր դառնալ, դրանք քաղաքական գործիչներ չեն, այլ սպառողներ, Փաշինյանն այդպիսինն է: Նա մինչև աթոռին տիրանալն այլ ծրագրեր էր ազդարարում, տիրանալուց հետո սկսվեց հարմարվել այդ աթոռի թվացյալ պահանջներին, հիմա իր համար առաջնահերթություն է աթոռ պահելը»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղություն հաստատելու հնարավորությանը՝ Պարույր Հայրիկյանը նկատեց. «Հայ ռազմագերիներին պահողների ու խտրական վերաբերմունք ունեցողների նկատմամբ չենք կարող վստահություն ունենալ ու հավատալ խաղաղության պայմանագրին: Խաղաղության պայմանագիր կնքելու փորձերը անպտուղ վարժանքներ են, Ադրբեջանի կողմից այն արվում է քաղաքական հետին նպատակների համար, իսկ Հայաստանը դա անում է սեփական խեղճությունը ու արևմտյան ոչ սկզբունքային գործիչներին ցույց տալու, որ իրենց համար գլխացավանք չեն առաջացնի, բայց նրանք լավ գիտեն, որպեսզի մեծ գլխացավանք չունենան, պետք է փոքր խնդիրները կանխել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ