Չեխիայի դեսպանը ԼՂ հարցի հանգուցալուծման համար կարևորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

52caee1f-0e95-4e5e-b747-0701c6e9644d (1).jpg

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում:

«Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարեւորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ եւ չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար:

--00—ԶՀ