Երկրագնդի վրա ոչ մի գործիչ, երկիր Հայաստանի հետ չպիտի քամահրանքով խոսի․ Մամիջանյանը՝ աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

«Հայաստանը միշտ պիտի արժանապատիվ դիրքում լինի։ Հայաստանի հետ երկրագնդի վրա ոչ մի գործիչ, ոչ մի երկիր չպիտի քամահրանքով խոսի»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում են ԱԺ լրատվականից։

Պատգամավորը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականությունից, խորհրդարանական դիվանագիտությունից։ Նա հյուրերին ներկայացրել է միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրների բարձրացման կարեւորությունը եւ նշել, որ ցանկացած տարբերակ պետք է օգտագործել՝ Հայաստանի ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար։

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նշվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։

Հյուրերի հետ հանդիպել են նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Միքայել Թումասյանը։

նկար

Խոսելով պաշտպանական ոլորտի բարեփոխումներից՝ Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Ռազմական ակադեմիայի ուսումնական ամբողջ գործընթացը փոխվում է, ինչը կնպաստի մոտ ապագայում ոլորտին լիարժեք տիրապետող մասնագետներ ունենալուն։

Պատգամավորը կարեւորել է նաեւ արհեստավարժ բանակի ստեղծումը։

«Կարծում եմ, որ ներկա պայթունավտանգ աշխարհաքաղաքական վիճակում Հայաստանի շահերից է բխում հարեւանների հետ ունենալ կարգավորված հարաբերություններ՝ պատերազմից խուսափելու համար»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան այցելած «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով պատգամավորի աշխատանքից՝ Սոնա Ղազարյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ոլորտում կատարվող աշխատանքը, անդրադարձել երկրի զարգացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին։

Աշակերտի այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ անաչառ լրատվություն ունենալու համար, պատգամավորը նշել է, որ այս հարցում կարեւորագույն նշանակություն ունի մեդիագրագիտությունը, որը պետք է ուսուցանել դեռ դպրոցական տարիքից։

Խորհրդարանականն անդրադարձել է գիտական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով․ «Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որ գիտնականը շահագրգռված լինի աշխատելու իր մասնագիտությամբ»։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ նույն խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ «Մի՛ ընտրեք աշխատաշուկայում պահանջարկ չունեցող մասնագիտություններ»,- պատասխանելով մասնագիտության ընտրությանը վերաբերող հարցին՝ ընդգծել է խորհրդարանականը։

նկար

Պատգամավորներն անդրադարձել են նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը եւ ընդգծել, որ դա կնպաստի կրթության որակի բարձրացմանը։ Տրդատ Սարգսյանը նշել է. «Տարիներ շարունակ ուսուցիչ նշանակվել են կաշառքով, եւ հաշվի չի առնվել որակական հմտություններն ու գիտելիքները, ով հնարավորություն է ունեցել, գումարի միջոցով հայտնվել է դպրոցում»։

«Պետության հիմքը դնում է կիրթ ուսուցիչը», - ասել է Սոնա Ղազարյանն ու տեղեկացրել, որ ատեստավորումը ոչ միայն այդ ոլորտում է իրականացվում, այլ նաեւ մյուս բնագավառներում: Նա հավաստիացրել է, որ դա կօգնի ապագայում ունենալ որակյալ մասնագետներ։

Հանդիպումից հետո հյուրերը եղել են նիստերի դահլիճի օթյակում, այցելել խորհրդարանի գրադարան ու թանգարան:

--00—ԼՄ