Ամփոփվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական խմբի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

250868

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության հանրային կապերի բաժնից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքները, դրանց ամփոփման արդյունքում կազմված վերջնական նախագծերի հիմնական կարգավորումները:

Ամփոփվել է նաև նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալները:

Հանդիպման արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 40-Ա որոշման 3-րդ կետը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանձնարարվել է կազմել պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն, որը առաջարկվող օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ ներկայացվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

--00—ՅՄ