Եվրոպան, Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքելով, ասաց՝ կողքիդ ենք, ինչ անես՝ լուռ կմնանք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, նոյեմբերի 9-ի կուլմինացիան է, եթե միջանցքն անգամ բացեն, ժամանակավոր է լինելու, Ադրբեջանն այդ խաղաքարտը միշտ օգտագործելու է: Մենք կերազեինք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը մնար, հիմա ավելի ծանր վիճակ է՝ Պրահայի հայտարարությունն իր վտանգավորությամբ չի զիջում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այնտեղ ԼՂ եզրույթը չի օգտագործվում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Տարածաշրջանը եռացող կաթսայի է վերածվում և ընդգրկուն ու մասշտաբային զարգացումներ են լինելու: Թուրք-ադրբեջանական զորավարժությունից հետո Արաքսի հովտում դեռ մնացել են թուրքական զորամիավորումները, որոնք անթաքույց ասում են, որ մնացել են միջանցքի հարցը լուծելու համար, բայց միայն դա չէ, իրենք երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը նվազեցնել»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի ու Հունգարիայի միջև Բուխարեստում կնքված էներգետիկ պայմանագրին, ինչպես նաև՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում, Հակոբյանը նշեց, որ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար:

«Ադրբեջանի գազը դարձել է թթվածին Եվրոպայի համար, իրենց շահերից ելնելով՝ հովանավորում են ու աչք փակում Ադրբեջանի գործողությունների վրա: Այդ համաձայնագրով Ադրբեջանին ասացին՝ քո կողքին ենք, ինչ ծրագիր ունես՝ արա, լուռ կմնանք»,-ավելացրեց Ռուբիկ Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ