Ակնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Armenia-crecimiento-economico

Անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, փոխանցում են ՀՀ ազգային ժողովի կայքից։

Նախարարը նախ անդրադարձել է մակրոտնտեսական զարգացումներին՝ նշելով, որ ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության ցուցանիշներ այն տնտեսություններում, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական առեւտրային գործընկերներ: Տիգրան Խաչատրյանը նշել է այն գործոնները, որոնք ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումների վրա:

Մասնավորապես, այլ գործոններից զատ, Հայաստանի տնտեսական զարգացումների վրա դրական ազդեցություն են ունեցել նաեւ Ռուսաստանի տնտեսության հետ միջազգային առեւտուրը, զբոսաշրջիկների վիճակագրությունը, նաեւ Ռուսաստանից զուտ դրամական փոխանցումների զգալի աճը:

«Եթե 2022 թ. 9 ամսվա ցուցանիշները համեմատում ենք նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշների հետ, ապա կտրուկ աճ ենք նկատում թե՛ ապրանքների արտահանման, թե՛ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակի, թե՛ նաեւ դեպի Հայաստանի տնտեսություն զուտ դրամական փոխանցումների արժեքներում»,-ասել է նախարարը՝  հավելելով, որ դրանք առավել ընդգծված են հատկապես Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից:

«Վերջին ամիսների ընթացքում, հատկապես 6-րդ ամսից սկսած, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվությունն առավել բարձր արժեքներ է ունեցել: Եվ դա շարունակվում է առայսօր: Այս բոլորի ազդեցությամբ ակնկալում ենք, որ տարեկան թե՛ տնտեսական ակտիվությունը, թե՛ տնտեսական աճը բավականին բարձր արժեքներ են արձանագրելու: Կարծում ենք, որ ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ ենք արձանագրելու»,-ասել է նախարարը:

9 ամսում արդյունաբերության իրական աճը կազմել է 10 տոկոս, ծառայությունների դեպքում աճը եղել է 27.1 տոկոս, գյուղատնտեսությունն աճել է 0.5 տոկոսով: «Շինարարությունը մյուս ոլորտն է, որտեղ աճի ցուցանիշները զգալի մեծ ազդեցություն են ունեցել ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշների վրա»,-հավելել է Տիգրան Խաչատրյանը:

Անցած 9 ամիսների ընթացքում 8,6 տոկոս միջին գնաճ է արձանագրվել: Նշվել է, որ Կենտրոնական բանկը գնաճը կառավարելու քաղաքականության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում վարել է բարձր տոկոսադրույքների քաղաքականություն՝ 9 ամիսների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 2.25 տոկոսի չափով, իսկ բոլորովին վերջերս եւս 0.25 տոկոսով այդ տոկոսադրույքները բարձրացվել են՝ կազմելով 10.75 տոկոս:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 63.8 տոկոսով, ներմուծումը՝ 61.9 տոկոսով:

Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ոչ թե բացարձակ արժեքի վրա կենտրոնանալը, այլ՝ արձանագրված արժեքային ցուցանիշները: «Եթե մենք դպրոցը, ճանապարհը չկառուցենք, մեր ներուժը չի մեծանա: Ներուժը մեծացնելու համար պետք է առողջապահության, կրթության ոլորտներում եւ ենթակառուցվածքների վրա շարունակաբար ավելի շատ ներդրումներ անենք ու ավելի մեծ արդյունքներ ստանանք»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը:

Գեւորգ Պապոյանը փորձել է պարզել նաեւ, թե ինչպիսին են ՊԵԿ-ի՝ հաջորդ տարվա համար նախատեսվող հավաքագրումները եւ վարչարարության մասով ինչ նոր գործիքներ են կիրառվելու:

Հաջորդ տարվա հարկային եկամուտները սահմանվել են 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ: Այս տարվա եւ մյուս տարվա ՀՆԱ-ի անվանական եւ իրական աճերի պարագայում են տվյալ հարկային եկամուտները կանխատեսվել: Կառավարության կողմից նախատեսվել է 0,5 տոկոս հարկային եկամուտների աճ, որը ՊԵԿ-ը պետք է ապահովի համապատասխան վարչարարությամբ, ինչն իրատեսական է համարվում. այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Վարչարարության մասով նա անդրադարձել է թեմատիկ ստուգումների գործիքի արդյունավետությանը: Համալիր հարկային ստուգումների մասով ռիսկերի չափանիշներն են վերանայվել: Ռիսկերի չափանիշների լավարկված համակարգ կներկայացվի, ըստ որի՝ մյուս տարվա հուլիսից փոփոխություն կկատարվի: Արդյունքում՝ ռիսկերի տեսանկյունից ստուգումներ իրականացնելու համար կընտրվեն ավելի թիրախային կազմակերպություններ: Արտյոմ Սմբատյանը, վարչարարությունը բարելավելու համապատասխան գործիքակազմից խոսելով, մատնանշել է բանկային գաղտնիքի հասանելիության մասով նախատեսվող փոփոխությունը, որը, ըստ նրա, կնպաստի վարչարարության որակի բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է ոլորտային մի շարք ծրագրերի կատարման ցածր կատարողականներով, ինչի վերաբերյալ պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել: Գեւորգ Պապոյանն իրականացվող շինարարական աշխատանքների որակն է հատկապես կարեւորել, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ վերահսկողությունը բարձր մակարդակի վրա է:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ներկա փուլում ամփոփված են միայն կիսամյակի արդյունքները, ինչը, բնականաբար, կտարբերվի 9 ամսվա ցուցանիշների վերաբերյալ ձեւավորված տեսակետից: Այժմ իրականացվում են 9 ամսվա կատարման արդյունքների հաշվեքննության գործընթացները, եւ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:

Վեց ամսվա կտրվածով հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն, խեղաթյուրումները կազմել են շուրջ 7,6 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջեի 0,84 տոկոսը: «Դա առայժմ հեռու է այն շեմից, որը կարող էր գնահատվել էական ու այդ առումով ձեւավորել տեսակետ»,-ասել է Ատոմ Ջանջուղազյանը: Նրա գնահատմամբ արդյունքային եւ ֆինանսական ցուցանիշները պետք է առավելագույն կանխատեսելի լինեն:

--00—ՅՄ