Պատերազմի հետևանքով ԼՂ-ին հասցված վնասը համեմատելի է մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԼՂ

Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Թշնամու կողմից հասցված վնասը պարզապես հսկայական է: Հիմա աշխատանքներ են տարվում՝ դրամական արտահայտությամբ վնասի գնահատման ուղղությամբ, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ այն համեմատելի է պետության՝ մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ: Սա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,- նշել է նա:

Պետնախարարի խոսքով՝ ԼՂ-ում վերջին զինված հակամարտությունից հետո բնակչությունը հումանիտար ճգնաժամի շեմին է: Ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասն առաջին հերթին հասցվել է ենթակառուցվածքներին ու քաղաքացիների մասնավոր սեփականությանը: 

«Քանի որ ռազմական գործողությունների հետևանքով մեր տարածքների մեծ մասը անցել է հակառակորդին կամ նվաճվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասից: Դեռ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական ու գյուղատնտեսական տեխնիկան, նույնպես կամ ոչնչացվել է, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս»,- նշել է պաշտոնյան:

Մարտիրոսյանն ասել է, որ Ռուսաստանն արդեն այսօր օգնություն է ցուցաբերում: Նա թվարկել է մի շարք կարևոր ոլորտներ, որոնց տրվում է մեծ աջակցություն: Նա նշել է՝ էներգամատակարարման կենտրոնական խողովակները վերականգնելու հարցում մեծ օգնություն են ցուցաբերել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները:

Հաշվի առնելով, որ հոսքագծերի մի մասը անցնում էր սահմանամերձ տարածքներով կամ այն հատվածով, որ ԼՂ վերահսկողությունից դուրս է, խաղաղապահներն, ըստ Մարտիրոսյանի, իրական աջակցություն են ցուցաբերել՝ թե անվտանգության ապահովման առումով, թե տեխնիկապես: Դրա շնորհիվ էլ հնարավոր է եղել օպերատիվորեն աշխատել, այսօրվա դրությամբ էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է:

--00--ԱԹ