Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր: 2006 թ. դեկտեմբերին մեր երկիրը միացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը:

«Մեր երկրում հաշմանդամություն ունի 192.000 քաղաքացի։

2023 թ. փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հաշմանդամության գնահատման համակարգի փոփոխությունը։ Բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կգործի անձի ֆունկցիոնալության համակարգը:

Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել են օրենսդրական բավարար հիմքեր անհրաժեշտ ծրագրերի եւ ծառայությունների ներդրման համար:

Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությամբ  2023 թ. հունվարի 1-ից ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հունվարի 1-ից Ազգային ժողովի հատուկ նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կուղեկցվի հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ:

Աշխատանքային օրենսգրքով լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց համար»,- նշել է խորհրդարանը:

--00--ԱՀ