Զախարովան հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1135664

Չնայած Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտմանն ու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին հայտարարել է ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որն ընդունվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից, պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որեւէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել»,- նշել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը:

--00—ՅՄ