Եթե ՀՀ-ն Արևմուտքի խոստումներին տուրք տվեց և չօգտվեց Իրանի քայլերից, լուրջ կորուստներ կունենանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հ

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապուղին սոսկ կապուղի չէ Իրանի համար, այն սկսել է շոշափել Իրանի շահերը: Իրանում ներքաղաքական վիճակի բարդացումը և հյուսիսային նահանգներում ադրբեջանական վերելքը Իրանին բերել է համոզման, որ իր համար էական են կոմունիկացիաները, որոնք անցնում են ՀՀ տարածքով: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը խոսելով Իրանից հնչող զգուշացումների մասին, համաձայն որոնց Հայաստան-Իրան սահմանը փոփոխման չի կարող ենթարկվել:

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանի դիվանգիտությունը պետք է կարողանա ճկունություն ցուցաբերել և այդքան տուրք չտա արևմտյան խոստումներին: «Հայաստանը պետք է ավելի շատ ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ առաջնորդվի և զգալիորեն ամրապնդի իր խարխլված միջազգային դիրքերը, սակայն հավաքական Արևմուտքը, որը հակառուսական և հակաիրանական ուժ է, փորձում է ՀՀ-ին իր կողմը քաշել, հակամարտությունն իր ուղով տանել՝ չեզոքացնելով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Եթե ՀՀ իշխանություններն այդ խոստումներին տուրք տան և առավելագույնս չօգտվեն Իրանի քայլերից, մենք կարող ենք կորուստներ ունենալ»:

Քեռյանի խոսքով, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Իրանի դիրքորոշման կոշտացումը, նա ձգտում է դուս գալ մերձկասպյան շրջաններ Իրանի թուրքաբնակ նահանգներով, Ադրբեջանով, Զանգեզուրով և կապ հաստատել միջինասիական թուրքախոս պետությունների հետ, ունենալ կայուն լոգիստիկ հանգույցներ և հասնել համաթուրքական պլանների իրականացմանը։ «Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ադրբեջանի սահմանին զորավարժություններ իրականացնելու նպատակով: Այսօր սերտանում են նաև Ադրբեջան-Իսրայել ռազմաքաղաքական համագործակցության ձևաչափերը, իսկ Մերձավոր արևելքում Իրանի թիվ մեկ թշնամին Իսրայելն է, որի թիկունքում նաև Միացյալ նահանգներն են»:

Հարցին, թե որքանո՞վ Թուրքիային և Ադրբեջանին կզսպի Իրանի հայտարարությունները, Քեռյանը նշեց, որ դա կապված է նրանով, թե ռուս-ուկրաինական պատերազմը երբ կավարտվի, որ Ռուսաստանը կարողանա ավելի շատ ուշադրություն և ռեսուրսներ ուղղել հարավկովկասյան խնդիրների լուծմանը, նաև պետք է ուշադիր հետևենք ռուս-թուրքական բանակցությունների ընթացքին:

«Հիմա ՌԴ-ի ուշադրությունն ուկրաինական ճակատում է, դրանից օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը, ուզում են իրենց պլաններն առաջ տանել, մյուս կողմից` Արևմուտքն է ՀՀ-ին խոստումներ տալիս, ստեղծվել է անկանխատեսելի և անկայուն միջազգային մի իրավիճակ: Քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել ուկրաինական ճգնաժամը, չի վերադարձել տարածաշրջան  և իր հաշիվները պարզել Թուրքիայի, Իրանի, Արևմուտքի հետ, մենք այստեղ կայունություն չենք տեսնի: Իրավիճակը նման է Կռիլովի առակին, որ ամեն մեկը սայլը քաշում է իր կողմը և սայլը տեղից չի շարժվում: Հակամարտության կարգավորման սայլը մեկ Թուրքիան է քաշում իր կողմ, մեկ Ադրբեջանը, Իրանը, Արևմուտքը, մեկ ՌԴ-ն, և սայլը տեղից չի շարժվում, իսկ սա շատ վտանգավոր է մեզ համար, որովհետև հաճախակի ռազմական բորբոքում, զոհեր ենք ունենում: Կարևոր է մեզ համար, որ հակամարտությունը լուծում ստանա»:

Հերմինե Միքայելյան

--00—ԻԴ