Գիշերը պայթուցիկ են նետել կառավարական ամառանոցների մոտ ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

7bc28ce518c633a668b15bc00fbe44cb.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել, գրում է shamshyan.com-ը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերել են  1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ կինոլոգն ու սակրավորը:  Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

--00—ԶՀ