Հայաստանը կարգավորման գործընթացը չի սկսել, որ թուրքերի կամքով «Զանգեզուրի միջանցք» տրամադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

քաղաքական

Թուրքիային հակազդեցություն պետք է Ռուսաստանը տա, Ռուսաստանն է հավակնում Միջին Ասիայում, Հարավային Կովկասում իր ազդեցությունը տարածել։ Այս մասին 24News-ին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքի հրապարակմանը։

Կայքը հրապարակել էր «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետություններն իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է Նախիջեւանն Ադրբեջանին միացվելիք ճանապարհին՝ «Զանգեզուրի միջանցք»-ն անվանելով «Թուրանի ճանապարհ»: Հրապարակման համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որն իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ առհասարակ նման հրապարակումներ անում են, որ հակառակ կողմի տեսակետները բացահայտեն, այսինքն՝ հակառակ կողմը հակազդեցություն կտա, այդ հակազդեցության մեջ կարող են ինչ-որ բան իրենց համար ճշտել։ 

«Այս պարագայում Հայաստանը չի կարող հակազդեցություն ունենալ Թուրքիայի դեմ։ Բայց եթե մենք ինքնիշխան և անկախ պետություն լինեինք, հավանաբար հակազդեցություն կտայինք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է։ Հայաստանը կարգավորման գործընթացը չի սկսել, որ թուրքերի կամքով «Զանգեզուրի միջանցք» տրամադրի։ Թուրքիայի վաղեմի երազանքն է Նախիջեւանից Մեղրիով ճանապարհ հարթել դեպի Ադրբեջան, դիրքեր ամրապնդել Ադրբեջանում։ Ադրբեջանն օգտագործել որպես ցատկահարթակ Միջին Ասիա ներթափանցելու համար», - ընդգծեց փորձագետը։ 

Ըստ նրա՝ այս ծրագիրն իրատեսական չէ։ «Ղազախստանը, Թուրքմենստանը բնական գազի հարուստ պաշարներ ունեն, իրենց դիրքերը Թուրքիային չեն զիջի։ Բացի այդ, Թուրքիայի տնտեսական, ֆինանսական միջոցները չեն բավարարում առաջադրանքի պահանջներին։ Նման առաջադրանք առաջադրող երկիրը պետք է տնտեսապես կատարյալ արդյունավետ լինի, զարգացած արդյունաբերություն ունենա, իսկ Թուրքիան, ինչպես հասկանում եմ, չունի», - շեշտեց Հակոբ Չաքրյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ