ԵՄ-ն սկսում է Ադրբեջանի դերը կարևորել, գազի մեմորանդումը դրա մասին էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

տնտեսական

Եվրոպական միության և Ադրբեջանի միջև ստորագրված մեմորանդումը տհաճ է այնքանով, որ Եվրամիությունը սկսում է Ադրբեջանի դերը կարևորել որպես գազ ներմուծող պետության։ Այս մասին 24News-ին ասաց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Երեկ Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: 2021 թվականին Ռուսաստանից դեպի ԵՄ 155 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվել, որը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 %-ը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականն ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն, հնարավոր է՝ նաև Բալկաններ։

Փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքերով՝ այս փաստաթուղթը պայմանագիր չէ, այսինքն իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ «Բայց անկեղծ ասենք, որ ԵՄ-ի գազի ծավալների ծախսերը, կորուստներն Ադրբեջանը չի կարող կոմպենսացնել։ Անցյալ տարի Ադրբեջանը դեպի Եվրոպա արտահանել է 8 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ իր մաքսիմալ հզորությունները 10 միլիարդ են։ Այն խոսակցությունները, որ կարող է հասցնել 20 մլրդի, շատ հեռու ապագայի հարց են և կասկածելի։ Քանի որ Ռուսաստանը անջատել է մատակարարումը, ԵՄ-ն գնում է ամեն քայլի, փորձում է ամեն երկրից մի բան պոկել։ Ադրբեջանի համար կարևոր է, իսկ Եվրոպայի էներգետիկ շուկայի համար ինքն առանձնապես դերակատարում չի ունենա, բայց ավելի լավ է դա ունենալ, քան ընդհանրապես ոչինչ չունենալ», - նշեց Մանվելյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը սա կփորձի օգտագործել հակահայկական, հակարցախյան գործունեության համար ներքաղաքական կոնտեքստում՝ օգտագործելով Եվրամիության կառույցները Հայաստանի դեմ։

Հարցին՝ այս մեմորանդումը կարո՞ղ է ավելի ամրացնել Ադրբեջանի դիրքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարցում, Մանվելյանը պատասխանեց, որ այո։ «Եթե ԵՄ-ն որպես միջնորդ հանդես գա, իհարկե։ Այդ միջնորդությունը որպես չեզոք կարող ենք չգնահատել։ Պետք է իմանանք, որ ամեն անգամ Բրյուսելում հանդիպելուց հետո ԵՄ-ն շահագրգռված է ավելի շատ օգնել Ադրբեջանին, քան թե Հայաստանին՝ զուտ իր էներգետիկ շահերից ելնելով», - եզրափակեց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ