Բաքվի և ԵՄ-ի միջև կկնքվի էներգետիկ հուշագիր, որը ՀՀ դիվանագիտության հերթական բացթողումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

քաղաքական

Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպման բովանդակության վերաբերյալ առկա սակավ տեղեկատվությունը նույնպես չի պարունակում Արցախի կարգավիճակի քննարկման մասին որևէ հիշատակում։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպմանը։

Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ 

ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին առընչվող նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ 

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը»։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքերով՝ մոտ օրերս Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կկնքվի էներգետիկ մեմորանդում. «Սա հերթական բացթողումն է հայկական դիվանագիտության համար՝ աշխարհաքաղաքական զարգացումներն օգտագործել արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորման համատեքստում, ուստի որևէ լավ բան այս հանդիպումից ակնկալել ես չեմ կարող», - ընդգծեց Մամիջանյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է Վրաստանը շահագրգռված բանակցություններին ներգրավվելու հարցում, պատգամավորն այսպես պատասխանեց. «Վրաստանը եղել է և շարունակում է մնալ մեր ժողովրդի, մեր պետության համար բարեկամ պետություն, սակայն ևս մեկ անգամ վերահաստատեմ՝ միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող մարմինն արցախյան հակամարտության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ