Խորհրդարանում քննարկվել են բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում:

Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձագետներ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին խորհրդարանում, նշել է, որ ԵՄ Թվինինգ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել քննարկելու դարի ամենակարևոր մարտահրավերներից մեկի՝ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

2020թ. դեկտեմբերից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվում է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագիրը, որի շրջանակում բավականին աշխատանքներ են տարվել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման, Հունաստանի խորհրդարանական փորձին ծանոթանալու ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև չեխ գործընկերների հետ համագործակցությանը, նշելով, որ ակնկալվում են ոլորտային էական օրենսդրական բարեփոխումներ:

«Գաղտնիք չէ, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, և այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմամբ մեր համագործակցությունը թևակոխել է նոր մակարդակ՝ բարեփոխումների լայն օրակարգով և հստակ գործողությունների ծրագրով: Համաձայնագրով մենք հանձնառել ենք ակտիվորեն համագործակցել մի շարք կարևոր ոլորտներում, որոնց մեջ անկյունաքարային նշանակություն ունի շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Նշվել է, որ ՀԸԳՀ-ով առաջնային կարևորություն է տրվել շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը և որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը և տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, որը մեծապես կնպաստի կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրականացվող ծրագրերն իշխող քաղաքական թիմի ստանձնած առաջնահերթություններից են, որոնք էական ազդեցություն են ունենալու յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա: Նա կարևորել է փորձի փոխանակման նմանատիպ հնարավորությունները և հույս հայտնել, որ աշխատաժողովը նոր ու ամուր հարաբերությունների հիմք կհանդիսանա:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ընդգծել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ և բարեհաջող կիրարկման կարևորությունը նախանշված բոլոր ոլորտներում, մասնավորապես` շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում ազգային օրենսդրության ինտեգրումը և ներդաշնակեցումը ԵՄ դիրեկտիվներին:

Նա նշել է, որ Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը հիմնված է ազգային օրենսդրության վրա՝ լիովին համապատասխան վավերացված բազմակողմ և եվրոպական պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Ներկայացնելով ոլորտային առաջնահերթությունները՝ պատգամավորը կարևորել է միջազգային ինստիտուցիոնալ համագործակցության մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, կարևորելով նմանատիպ սեմինարների, քննարկումների անցկացումը, ընդգծել է նախատեսվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ելույթներ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեզինգերը, ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար ԵՄ անդամ պետության կողմից Էլենի Կանելոպուլուն, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը:

Չեխ պատգամավորներն ու մասնագետները ներկայացրել են բնության և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ԵՄ թռչունների և բնության միջավայրի վերաբերյալ դիրեկտիվների իրականացման իրենց փորձը, ԵՄ դիրեկտիվների գործնական ազդեցությունը բնության պահպանման վրա, ինչպես նաև ԵՄ բնության պահպանության կանոնակարգի կարևորությունը:

Սեմինարին մասնակցել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Չեխիայի խորհրդարանի Սենատի Պետական կառավարման, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Զբինեկ Լինհարթը, հանձնաժողովների անդամներ։

--00--ԱՀ