Ադրբեջանցիները խմում ու կրակում են․ մանրամասներ՝ Կարմիր Շուկայի ու Թաղավարդի ուղղությամբ կրակոցներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերի հետևանքով բնակիչներից ոչ ոք վիրավորում չի ստացել։ Այս մասին ասաց 24News-ի աղբյուրը։

Մեր զրուցակիցն ասաց, որ առավոտ 6։00-ի սահմաններում են եղել կրակոցները, տևել՝ մոտ 10 րոպե, մի տան պատուհան է կոտրվել, ադրբեջանցիները կիրառել են Կալաշնիկովի գնդացիր և Կալաշնիկովի ինքնաձիգ։  

Նա դժվարացավ նշել՝ եղե՞լ է արդյոք դիվերսիոն ներթափանցման փորձ։ «Կարող ա մրսել, խմել ու սկսել են կրակել։ Մի քանի տեղից են կրակել։ Շատ են խմում ու բղավում, ասում են՝ «խի՞ չեք գալիս, մեզ վերցնում էստեղից, գնանք, սառանք, մեռանք»։ Պոստից պոստ կանչում են՝ «եկե՛ք, մեզ տարե՛ք»։ Նրանք որ չխմեն, չեն կարա կրակեն, իրանք տենց դուխ չունեն, պիտի միշտ հարբած լինեն։ Խմում են ու կրակում», - հավելեց աղբյուրը։

«Մեր կողմից պատասխան կրակ չի եղել, այս պահի դրությամբ հանգիստ է», - եզրափակեց նա։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ «Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը», - նշել էր նա։

--00--ԿԿ