Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չի տա ակնկալվող հարցերի պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Պատերազմ

44-օրյա պատերազմի վելուծությունն էլի խնդրահարույց է դառնում, քանի որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով եղել է, որի աշխատանքից հասարակությունը տեղյակ չէ։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Այսօր Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարություն է ստորագրել այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով։  

«Չնայած որ շատերի մոտ կային մտավախություններ, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ուղղակի քաղաքական դեր է կատարելու, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ պատմական նոր բան չեղավ։ Այս պայմաններում 44-օրյա պատերազմի վերլուծությունն էլի խնդրահարույց է դառնում։ Իհարկե, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ճիշտ կլինի, որ չեզոք հանձնաժողով լինի, չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունը կարող է չեզոք դեր ունենալ։ Իհարկե, ինչ-որ տեղ պետք է ասել՝ ոչ էլ ընդդիմությունն է կարող չեզոք դեր ունենալ», - նշեց Միքայելյանը։

Նրա կարծիքով՝ հանգամանքները կարող է քննել քաղաքացիական հասարակությունը, իսկ այս հանձնաժողովը չի տա հարցերի պատասխանները, որոնք պահանջում է հասարակությունը»։

Քաղաքագետի խոսքերով՝ հասարակությունը հոգնել է ներքին և արտաքին քաղաքական լարվածությունից․ «Եվ պահանջն իհարկե հանգիստ է ներկայացվում։ Այստեղ նաև սկզբունքային է հարցը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքականությունը, իհարկե Թուրքիայի հետ բանակցությունների հարցը և այլն»։ 

«Ամեն դեպքում հասարակության համար շատ կարևոր է հասկանալ, օրինակ՝ ինչո՞ւ ընկավ Շուշին, սա երևի առաջին գլխավոր հարցն է։ Մի կողմի համար՝ ինչո՞ւ համաձայնությունը [2020-ի Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը] չստորագրվեց ավելի շուտ։ Մյուս կողմի համար՝ ինչո՞ւ հանձնվեցին տարածքներ, արդյո՞ք հնարավոր  չէր ավելի ճիշտ դիվանագիտություն վարել թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում։ Եվ նման բազմաթիվ հարցեր կան; Ես հիմա չեմ կարող բոլոր հարցերը թվարկել, բայց կարծում եմ, որ հասարակությանը հուզող շատ հարցեր կան, որոնց պետք են ազնիվ և ճշգրիտ պատասխաններ, որ այս պահի դրությամբ դժվար է ակնկալել», - եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատողը։

--00--ԿԿ