«Մուրացան» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

մուրացան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Այսօր շնորհակալություն հայտնեցի «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրի տնօրենի պաշտոնակատար, գլխավոր բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:

Բագրատ Բավեյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարում ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը, կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:

Բժիշկը իր կյանքի 25 տարին նվիրել է երեխաների առողջությանը: Խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեցի պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ: Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ:

«Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ հօգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց նա՝ մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:

«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավելին վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը:

Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը, ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը, նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար:

--00—ՄՀ