Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

կամուրջ

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարությունն ընթացքի մեջ է։ Կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշում է, որ շինաշխատանքների մեկնարկից՝ 2021թ. մայիսից ի վեր կատարվել են կամրջի հիմքերի հորատման, հողային, ամրանների հյուսման և այլ աշխատանքներ։ Այս պահին էլ ակտիվ փուլում է նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը։ Դրանք կամրջի բաղկացուցիչներն են և պետք է հորիզոնական դիրքով տեղադրվեն հիմքերի վրա։

Կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Աշխատանքները գրեթե հավասարաչափ արվում են հայկական և վրացական կողմերում։

Շինարարությունն ընթանում է նաև ձմռան ամիսներին. ոչ մի աշխատանք կանգ չի առնելու, հատկապես մեծ թափով կիրականացվի նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, սպասվում է մեծ առաջընթաց հունվար-փետրվար ամիսներին։

Նշենք, որ գործող կամուրջը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին և ուղևորահոսքի ու բեռնափոխադրումների ներկա ծավալների համար նախատեսված չի եղել։ Նոր կամրջի կառուցումն էապես կմեծացնի ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների ծավալները Բագրատաշենի սահմանային անցակետում՝ դարձնելով սահմանը հատելու գործընթացն ավելի հարմարավետ ու արագ։

Նոր կառուցվող կամուրջը բաղկացած է լինելու երկու ուղղություններն առանձին սպասարկող՝ իրարից 1 մետր հեռավորությամբ երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։ 160 մ երկարությամբ կամուրջն ունենալու է 32-ական մ երկարությամբ 5 թռիչքներ‚ յուրաքանչյուր կամրջի ընդհանուր լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։

Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 --00—ՄՀ