Գողացել էր ընկերոջ պապի մեքենան և վաճառել 400 դոլարով ու 50 հազար դրամով. բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Շչեդրինի փողոցից առևանգել են իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:

Օպերատիվ խումբը նշված փողոց մեկնեց։ Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։

Պարզվեց՝ նա ընկերոջ պապի «Ֆոլքսվագենն» առևանգելու նպատակով նախապես մեքենայից վերցրել էր պահեստային բանալին և դեկտեմբերի 14-ին փախցրել մեքենան։ Նույն օրը մեկնել էր Երևան և 400 դոլարով ու 50 հազար դրամով վաճառել մեքենան։

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ֆոլքսվագենը» Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:

--00—ԼՄ