«Հայաստան» խմբակցությունը կհրաժարվի պարգևավճարներից․ այն կծախսվի բարեգործության նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակական

Երկիրը ինքնիշխանությունից զրկած, հազարավոր կյանքերի գնով նվաճված մեր ազատությունն ու անկախությունը թշնամուն դավադիր գործարքների արդյունքում հանձնած իշխանությունը շարունակում է ցինիզմի իր շքերթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար: Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, այս իշխանությունները, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին։

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը, չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը, և սա դիտարկում որպես ՀՀ քաղաքացու և հայ ժողովրդի ցավն ու արժանապատվությունն անտեսող անթույլատրելի գործելաոճ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք հրաժարվում ենք այդ պարգևավճարներից, իսկ թե ի՞նչ բարեգործության վրա է ծախսվելու կտեղեկացնենք առաջիկայում: 

Հայտնում ենք նաև, որ պարգևավճարների պարբերականության և հիմքերի, ինչպես նաև պատգամավորների հավելյալ ծախսերը 200.000-ով ավելացնելու վերաբերյալ հարցերը առաջիկայում քննության առարկա կդառնան դատարանում»,-ասված է հայտարարության մեջ:

--00--ԿԿ