Վերամշակողն կարող է ձեռք բերել խաղող և 1 տարի շարունակ ոչ մի գումար չվճարել․ Արման Խոջոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

խաղող

«Հանրային հեռուստաընկերության» եթերում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, անդրադառնալով 2020 և 2021 թվականներին խաղողի մթերման գործընթացին, ասել է, որ նախորդ տարի խաղողի մթերման բավականին ծանր սեզոն է եղել, և որ խնդիր էր դրված, որպեսզի ոչ մի խաղող դաշտում չմնա։ 

Ըստ Խոջոյանի՝ 2020 թվականին գործարանները մթերել են պահանջարկից ավելին, քանի որ կառավարությունն առաջարկել էր «շատ գրավիչ գործիքներ»։

«Այս տարի կառավարությունը որդեգրել է նույն մոտեցումը՝ էլ ավելի հետաքրքիր գործիքներ առաջարկելով խաղող վերամշակողներին՝ դրանով իսկ նպաստելով, որպեսզի ստեղծվի պահանջարկ խաղողի նկատմամբ», - ասել է Խոջոյանը՝ ներկայացնելով նաև «հետաքրքիր գործիքներ», որոնցով կառավարությունը շահագրգռելու է պահանջարկից շատ խաղող մթերած վերամշակողներին, որոնք 2020-ին կուտակած սպիրտը իրենց ակնկալածի չափով չեն կարողացել իրացնել։

«Այն պայմանները, որոնք պետք է առաջարկվեն վերամշակողներին, պետք է լինեն այնքան գրավիչ, որ նրանք հարցը ավելի հեռանկարային դիտարկեն և տնտեսական վերլուծություններ իրականացնելով՝ մտածեն, որ խաղողի ձեռքբերումն այսօր ավելի ձեռնտու է, քան վաղը՝ այլ պայմաններով», - ասել է նախարարի տեղակալը։

Խոջոյանը վերամշակողներին հիշեցրել է նաև կառավարության որոշման մասին, համաձայն որի խաղողի մթերման ծավալի ընդհանուր սահմանաչափը բարձրացվել է մինչև 4 միլիարդ դրամ, սահմանվել է մեկ տարի արտոնյալ ժամկետ։

«Այսինքն՝ վերամշակողն այսօր ձեռք է բերում խաղողը, և կարող է մեկ տարի շարունակ ոչ մի գումար չվճարել՝ դրանով իսկ ոչ մի ֆինանսական բեռ չունենալ», - ասել է պաշտոնյան։

--00—ԼՄ