Արման Սահակյանն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակական

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ 

Գլխավոր դատախազությունը Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ծանուցագիր է ուղարկվել նաև Սահակյանի կնոջը՝ Սեդա Հակոբյանին՝ տեղեկացմամբ, որ նրա անվամբ հաշվառված գույքը բռնագանձման առարկա է։ 

Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը 24News-ին նշեց, որ Արման Սահակյանի հետ քննարկել են և միջնորդություն են ուղարկելու Դատախազություն, որպեսզի իրենց տրամադրեն եղած նյութերի պատճեները՝ էլեկտրոնային կամ լուսապատճենային տարբերակով, աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար: 

«Ծանուցման մեջ գրված է, որ կարող եք գալ տեղում ծանոթանալ, բայց ենթադրում եմ, որ ծավալները մեծ են այդ պատճառով աշխատանքներն ճիշտ ու  արդյունավետ կազմակերպելու համար ներկայացրել ենք դիմում, որպեսզի ստանանք փաստաթղթերը, մեր վստահորդի հետ քննարկենք և ներկայացնենք մեր հիմնավորումները: Նյութերին ծանոթ չեն, դեռևս միայն ունենք ծանուցում,սակայն որևէ հստակություն չկա, թե կոնկրետ ի՞նչ հանգամանքների վերաբերյալ են ցանկանում, որ մենք հիմնավորումներ ներկայացնենք»,- տեղեկացրեց նա:

--00--ԿԿ