29 տարի առաջ՝ այս օրը, Ադրբեջանը հարձակվեց Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա բնագծի երկայնքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Քաղաքական

Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից: Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց...

Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ...

Փառք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը»:

--00--ԿԿ