Դատախազությունն Արա Այվազյանի հրաժարականի հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և  ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունից աղբյուրին տեղեկացրել են, որ զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում մայիսի 31–ին վերհանվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի՝  ԱԳՆ աշխատակազմի հետ կայացած հանդիպման տեսագրությունը, ուսումնասիրվել, ինչի արդյունքում հունիսի 1-ին այն ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը մայիսի 31-ին, ելույթ ունենալով ԱԳՆ-ում իր հրաժարականի դիմումը, պատճառաբանել է հետևյալ կերպ. «․․․որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

--00—ԼՄ