Մեծ հավանականությամբ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի 1-ին համարը կարող է լինել Վանեցյանը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նպատակն է այս ընտրություններին ամեն ինչ անել այս կապիտուլյանտին գահընկեց անելու համար, և դրա համար, էֆեկտիվ ընտրական տեխնոլոգիաներ են պետք: Այս մասին Armnews-ի եթերում՝ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանը:

«Հասարակության մեջ շատ մեծ է չկողմոնորոշված, ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեցող մարդկանց քանակը: Եվ այստեղ ոչ միայն «Հանրապետական»-Վանեցյան դաշինքի, այլ նաև Ռոբերտ  Քոչարյանի դաշինքի հիմնական խնդիրներից մեկը լինելու է ոչ այնքան սեփական ձայները, որքան արթնացնել քաղաքական ապագայի հույս այն մարդկանց մոտ, ովքեր այս պահին չեն կողմնորոշվել, հոգնել են քաղաքականությունից: Այս տեսակետից մենք ընդդիմության ճամբարում կունենանք մի քանի տարբերակ, որոնք իրարից տարբեր կլինեն»,- պարզաբանեց նա, գրել է Tert.am-ը։

Աշոտյանը նշեց, որ ինչպես Սերժ Սարգսյանն արդեն նշել է՝ չի հավակնում առաջադրվել որևէ բարձրաստիճան պաշտոնի, բայց շատ ակտիվ է լինելու քաղաքականության մեջ:

Հարցին, թե ինչո՞ւ «Հայրենիք» կուսակցության հետ որոշեցիք դաշինք կազմել, քանի որ այն բերում է ռիսկեր, Աշոտյանը պատասխանեց, եթե ՀՀԿ-ի խնդիրը լիներ պարզապես ԱԺ-ում տեսանելի մասնակցություն, ֆրակցիա ունենալը, ապա իրենք մենակ կգնային ընտրության և իրենց ձայները, համակիրների բանակը լրիվ բավարար էին խորհրդարանում հայտնվելու համար. «Խնդիրն այն է, որ մեզ պետք չէ հայտնվել Խորհրդարանում, մեզ պետք է հայտնվել Խորհրդարանում ավելի մեծ ձայներով, որպեսզի ընդդիմության այլ բևեռների հետ միասին շանս ստանանք իր աթոռից գահընկեց անելու Նիկոլին: Այսինքն՝ խնդիրը ՀՀԿ-ն խորհրդարանական տիրույթ բրդելը չէ, մենք 2018 թվականին դեկտեմբերին էլ էինք Խորհրդարան անցել, մեզ չթողեցին այն ժամանակ»: Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանն այն մարդն է, ով հավատացել է հեղափոխությանն, Աշոտյանը պատասխանեց.

«Այս դաշինքը կոտրում է նաև նախկին- ներկա կեղծ, կեղտոտ դիլեման, որովհետև մենք ամենակարկառուն նախկիններն ենք, իսկ Վանեցյանն՝ ամենակարկառուն ներկաներից էր: Եվ մենք նաև գաղափարական ընդհանրություններ ունենք, թեև մեր կուսակցությունը հին է, իրենցը՝ նոր, բայց գաղափարախոսությունը պահպանողականության, ազգային արժեքների և պետության դերի կարևորման բազան գոյություն ունի երկու կուսակցությունների մոտ: Մեր խնդիրը որևէ մեկից ձայն տանելը չէ, մենք ունենք սեփական ձայներ, մեր խնդիրն է նոր ձայներ, նոր համակիրներ ձևավորելը և մեծ զամբյուղներով գնալը ամենակարևոր ճակատամարտին: Այս ընտրությունները չպետք է դառնան Նիկոլի վերարտադրության ընտրություններ»:

Հարցին, թե ո՞վ է լինելու ցուցակում համար մեկը և ո՞վ է դաշինքի վարչապետի իրենց թեկնածուն, Աշոտյանը պատասխանեց.

«Դեռևս որոշում չկա, սակայն բոլորը հասկանում են որ ամենամեծ հավանականությամբ առաջին համարը կարող է լինել Արթուր Վանեցյանը: Այդ որոշումը դժվար է կայացվել, բայց այն էմոցիաներից այն կողմ է: Ես դեմ եմ այս ընտրություններին մասնակցությանը, որպես քաղաքացի, և ՀՀԿ փոխնախագահ, բայց մեր կուսակցությունը բազմակարծություն է և իմ անձնական կարծիքը չի փոխվել, բայց կուսակցությունը կայացրել է որոշում:

Աշոտյանը նշեց, որ այս քաղաքական կառուցվածքը՝ Նիկոլ, Քոչարյան և ՀՀԿ- Վանեցյան դաշինք մեր հնարավորությունները, Նիկոլին շրջափակելու շատ ավելի մեծ է. «Խնդիրն այն է, որ իրեն գցենք մեջտեղ երկու ճակատով: Եվ ես վստահ եմ, որ բոլոր իրական ընդդիմադիր թիմերի հետ կունենանք համատեղ աշխատանքի հնարավորություններ քարոչության մեջ: Մեր կողմից  առաջարկություն կհնչի՝ ընդդիմադիր ուժերի հետ միասին ստորագրելու մի հուշագիր, ըստ որի՝ մենք պայմանավորվում ենք չիրականացնել սև փիառ, իրար հաշվին դիվիդենտներ չհավաքել, չքննադատել, չմոռանալ ինչի համար ենք հավաքվել: Մենք հավաքվել ենք, որ հասկանանք, ո՞նց անենք, որ կապիտուլյանտ խզբզանքը չղեկավարի և  մեր երկիրը ստանա իրական ապագայի հնարավորություն»:

--00—ՄՀ