Բայդենի հայտարարությունից հետո Պակիստանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Շահ Մահմուդ Քուրեյշի

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո իր աջակցությունն է հայտնել թուրքական կողմին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Հրապարակման մեջ նշվել է, որ Քուրեյշին զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Իսկ Պակիստանի արտաքին գործերի խոսնակ Զահիդ Հաֆըզ Չավդրին ներկայացրել է այս հարցում Իսլամաբադի տեսակետը, ըստ որի՝ «պատմական իրադարձությունների միակողմանի մոտեցումները և քաղաքականացումը կարող են հանգեցնել ժողովուրդների միջև վստահության նվազմանը և տանել բևեռացման»:

Չավդրիի գնահատմամբ՝ «1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը» բացահայտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը «կառուցողական է»:

Այնինչ ճշմարտությունը վաղոցւ արդեն բացահայտված է. Հայոց ցեղասպանությունը բավարար չափով փաստագրված ու փաստարկված է։

--00--ԱԹ