Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ագն

ՀՀ արտգորնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, և պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների», Աննա Նաղդալյանը պատասխանել է․

«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրա զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը»։

--00—ԼՄ