Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել բոլոր հայ գերիների անհապաղ փոխանցումը ՀՀ-ին. ԵԽԽՎ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում, ինչպես արդեն հայտնել ենք, հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերիներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը լսել է 2 երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների կարծիքները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների առնչությամբ համատեղ հայտարարություններով, և հանձնաժողովը համոզված է, որ 2 երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման քայլերի, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում: 

«Հետևաբար հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության շրջանակում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ այս հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել:

Հանձնաժողովը նաև կարծում է, որ 2 կողմն էլ պետք է ամրապնդի համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով։

Հանձնաժողովը կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որն այդ մարդկանց տրվել է կողմերից մեկի կողմից: Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխացվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

Հանձնաժողովն այն կարծիքին է, որ վերջին միջազգային ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման նպատակով բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, հանձնաժողովը հանձնարարել է ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները»,-նշվում է հայտարարությունում::

Հանձնաժողովը կողմերին նաև կոչ է անում կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու և խաղաղ բանակցությունները սկսելու համար:

--00—ԼՄ