Ալիևը ԼՂ-ում «Իսկանդեր»-ի կիրառման մասին նամակ է ստացել ՌԴ-ից, բայց այն իրեն չի գոհացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ալիև

Ադրբեջանը ՌԴ պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել, որում նշված է Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին պարզաբանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին АзТВ-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինս նշել է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունից ստացված պատասխանն իրեն չի գոհացրել: Ալիևի խոսքով` ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հրթիռները չեն կիրառվել ԼՂ-ում հակամարտության սրման ընթացքում:

«ՌԴ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ-ի նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակի հետ: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակումը չի հաստատել: Իրականում` դա մեր նամակի ոչ ամբողջական պատասխանն է, քանի որ մեր դիմումի հիմնական հարցը հետևյալն էր` ինչպե՞ս են Հայաստանի տրամադրության տակ հայտնվել մահաբեր «Իսկանդեր-Մ» հրթիռները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ալիևը Բաքվի «Ռազմավարների զբոսայգու» բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաև «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները, հարց էր ուղղել` ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները:

--00--ԱԹ