Չինաստանը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Թորոսյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և ընդգծել դրանց նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Չինաստանի կառավարության կողմից մինչ այժմ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերված օժանդակությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտներում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կողմի հետո փոխգործակցության շարունակական զարգացմամբ և կարևորել չինական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:

Դեսպան Յոնգը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցությունից՝ հավելելով, որ ՉԺՀ կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանը որպես հայ և չին ժողովուրդների կապերի ամրապնդման գրավական ընդգծել է Երևանում չինական դպրոցի բացման փաստը, ինչը, նրա խոսքով, նպաստում է մեր երկրում չիներենի տարածմանը, կրթության ոլորտում կապերի հետագա ընդլայնմանը:

Կողմերն անդրադարձել են նաև պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հնարավորություններին:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս