Ծառուկյանի որդու հարսանյաց արարողության շքեղ հրավառությունն ու ֆեյսբուքյան արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

Մամուլը դեռ օրեր առաջ էր գրել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է դարի հարսանիքը կազմակերպել կրտսեր որդու՝ Նվեր Ծառուկյանի ու Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր համար:

Երեկ՝ ապրիլի 10-ին, սոցիալական ցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում հարսանեկան տարբեր արարողությունների մասին պատմող տեսանյութեր էին տարածվում, ինչից հետո հատկապես Ֆեյսբուքի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին, թե ինչպես են, օրինակ, նորապսակներն ուղղաթիռով իջնում եկեղեցու բակ, հարսանեկան տորթը կտրում և այլն: 

Սոցցանցերի օգտատերերը հիմնականում նույն կերպ են մեկնաբանում «դարի հարսանիքը»: Մեծամասնությունն այն տեսակետին է, որ հետպատերազմական երկրում նման ճոխ հարսանիք անելն անարգանք է զոհվածների, անհետ կորածների, գերիների ու հաշմանդամություն ձեռքբերածների նկատմամբ:

Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում խիստ քննդատության է արժանացել հատկապես հարսանյաց հրավառությունը, որն, ըստ ականատեսների, 40 րոպե է տևել: Օգտատեր Անի Կաղինյանին, օրինակ, հրավառության ձայնը վախեցրել է, կարծել է՝ հրանոթներն են կրակում: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը շշմել է՝ իմանալով, թե «հայոց մեծ փրկիչն ու բարերարն» ինչ հարսանիք է կազմակերպել: Մեկ այլ իրավապաշտպան՝ Ռուբեն Մելիքյանն էլ, տեսնելով «պատմական հրավառությունը», սկսել է մտածել, որ «սալյուտի հրանոթները պետք է պետականացվեն»:

Ֆեյսբուքի բավական ակտիվ ակտիվ օգտատերերից Արմեն Գասպարյանը հռետորական հարց է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ի՞նչ էին անելու ու ինչպե՞ս էին քննադատելու, երբ նման բան իշխանությունն աներ:

Պատգամավորներին հարցեր տալու ու մեկնաբանություն վերցնելու ակնկալիքով 24News-ը փորձեց կապ հաստատել թե՛ ԲՀԿ-ականների, թե՛ հարսանյաց հանդեսի հանրային այլ մասնակից-դեմքերի հետ: Բայց ապարդյուն՝ նրանք կա՛մ անհասանելի էին, կա՛մ՝ անհաղորդ զանգերին:

հասարակական
հասարակական
հասարակական
հասարակական
Վրույր Սևակ