38-ամյա կապանցու սպանությունից հետո սպանել էին նաև ականատեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Շամշյան

Այսօր՝ մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները Արշակունյաց 2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է,  որ հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից  որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ն է:

Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, ինչպես նաև սպիներ, որոնց մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել էր քույրը: Մարտի 24-ին 5 ժամից ավելի էր, Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները Հրազդան կիրճում՝ Հրազդան գետի մոտ 1.5 կմ-անոց հատվածում, որոնողական աշխատանքներ էին կատարում։ Փրկարարներն ու ոստիկանները որոնում էին այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։

Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ կայքի հավաստի տեղեկությունների, ականատես էր եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել էին։

Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում էին սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանվածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

--00--ԱԹ