Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները: Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել ՌԴ նախագահի հետ:

Փաշինյանը դիմել է Դավիթ Տոնոյանին (չնայած, ըստ մեր տեղեկությունների, մինչ այդ նրանք իրար հետ չեն շփվել), որպեսզի վերջինս կարգավորի այդ հարցը, և իսկապես ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններից հետո զենք-զինամթերքի մատակարարումը վերականգնվում է: Սակայն առաջ են գալիս տեխնիկական խնդիրներ, մասնավորաբար զենք-զինամթերքի տեղափոխման հարցում: Դավիթ Տոնոյանն այս հարցով դիմում է Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»), որն այդ օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերում երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպում է զենք-զինամթերքի տեղափոխությունը:

Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման: Ըստ մեր աղբյուրների, խոսքը 180-ից ավելի թռիչքների մասին է: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածում պետական կառույցներից որևէ աջակցություն չի եղել, ավելին՝ հատկապես քաղավիացիայի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դեռ մի բան էլ հաճախ խանգարել են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ