Կատարվող քայլերն ասես հատուկ մտածված են եղածն ամբողջությամբ ավերելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Սենոր

Հայկական երկու պետականությունների ղեկավարների կողմից ձեռնարկված և ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունը, ինչպես նախապատերազմյան, այնպես էլ դրանից հետո և առայսօր ընկած ժամանակահատվածում, շարունակում է մնալ աղետաբեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Թե դրա արդյունքում ինչ ունեցանք 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո, բոլորս ենք ականատես, բայց որ այսօր էլ այդ անհասկանալի տրամաբանությունը շարունակում է իր կործանարար հետևանքները թողնել Հայաստանի և Արցախի պետական անվտանգության վրա, դա ևս ակնհայտ է և, ինչու չէ, նաև՝ օրինաչափ... Օրինաչափ է, քանի որ կատարվող քայլերը ոչ թե մտածված չեն, այլ, ասես, հատուկ մտածված են եղածն ամբողջությամբ ավերելու համար: Հակառակ դեպքում պաշտոնների (հաճախ մտացածին ստեղծված) չէին նշանակվի նրանք, ովքեր կամ «նվիրյալ» անկարողներ են, կամ էլ հանիրավի բարձրագոչող, բայց ոչինչ չարած երբեմնի «ընդդիմադիրներ...»:

Պետական կառավարման համակարգում նմանների ներգրավումն ու «փորձարկումը», գուցեև մարավարության առումով տեղ ունեն, բայց, համոզված եմ՝ ոչ մեր պետականությունների համար ստեղծված այսօրվա դժվարագույն պայմաններում... Առավել, քան պարզ է, որ այս իրավիճակից դուրս գալու համար պարտադիր անհրաժեշտություն է երկրի ղեկը հանձնել այն գործչին, ով օժտված է ստեղծված իրավիճակին համահունչ գործելու ռազմադիվանագիտական հմտությամբ և ունի կարողունակ թիմ ձևավորելու ապացուցված աշխատելաոճ... Գոնե, միջնաժամկետ հեռանկարում երկիրը զերոյական կետից հանելու համար մենք պարտադրված ենք ունենալու այդ իշխանությունը...»,- գրել է նա:

--00--ԱԹ