Արտարժույթի փոխանակման կետում նռնակով ավազակություն կատարած անձինք բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Փետրվարի 19-ին՝ ժամը 14:21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել:

Դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։

Մարտի 12-ին՝ ժամը 10:10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 51 և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ