Ի՞նչ է մեզ սպասում մեդիադաշտում 2021-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

մեդիա

Տեղեկատվական դաշտը Հայաստանում շատ արագ ձևափոխվում է։ 2021-ն արդեն մի քանի բացատով է մեզանից հեռու, և Media.am-ը փորձել է անել մի քանի կանխատեսում, թե ինչ է սպասվում մեր մեդիադաշտում հաջորդ տարի։  

Ա․ Տելեգրամի տարի է սպասում։ Արցախյան պատերազմը տարբեր պատճառներով, որոնց վրա հիմա կանգ չենք առնի, ստիպեց շատերին անցնել Տելեգրամ ալիքների։ Մի մասը սկսեց դրանք վարել, մեծ մասը՝ կարդալ։ 

Արդեն գոյություն ունեցող ալիքների լսարանը մեկ ամսում աճեց 5-20 անգամ։ Հիմնականում, իհարկե, ռուսաեզու ալիքներն են կտրուկ աճում՝ ներգրավելով նաև ռուսալեզու հայկական սփյուռքին։ Եթե սկզբից տեղափոխվեցին լրատվական կայքերը, ապա հիմա սկսվել է քաղաքական դերակատարների ներհոսք։ 

Բացի դրանից, Տելեգրամն ունի մի կարևոր հնարավորություն, որից զրկված է Ֆեյսբուքը՝ հիմնական հասարակա-քաղաքական հարթակը Հայաստանում մինչ հիմա․ այստեղ կարելի է միայն կարդալ, առանց մեկնաբանություններ անելու ու դրանք կարդալու։ 

Իհարե, վերջերս Տելեգրամում ակտիվացել է նաև մեկնաբանությունների ֆունկցիան, սակայն ալիքի ադմինները կարող են այն պարզապես անտեսել։ Ընթերցողների համար էլ ստեղծվում է աննախադեպ հնարավորություն կարդալ միայն բուն ալիքի գրառումները և չնյարդայնանալ տարբեր ճամբարների դուրսպրծուկների մեկնաբանություներից։ 

Տարօրինակ կերպով հասարակության մի հատվածի մոտ ձևավորվել է անհասկանալի վստահություն զանազան անանուն ու անհայտ հեղինակներ ունեցող Տելեգրամ ալիքների հանդեպ, որոնք տարածում են խիստ գաղտնի կամ խիստ անհասկանալի տեղեկատվություն։ Ինչը թույլ է տալիս այս հարթակն օգտագործել զանազան մանիպուլյատիվ գործողությունների համար։  

Ամեն դեպքում, 2021-ը շատ ավելի մեծ տեղ է տալու Տելեգրամին։ 

Բ․  Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, ապա հստակ երևում է, որ այս հարթակը հասել է իր հագեցվածության գագաթնակետին։ Պատերազմի օրերին լսարանը հասավ 1,5-1,6 միլիոն ակտիվ օգտատերի, սակայն հիմա նորից նկատվում է այցելուների քանակի նվազում: Նորից գալիս ենք նույն 1,4 – 1,5 միլիոն ցուցանիշի, որն ունենք արդեն երկու տարուց ավելի։ 

Ֆեյսբուքը հագեցել է, ինչը նշանակում է՝ լճացում։ 

Ինչպես նաև՝ հնարավոր դիրքերի զիջում։ Եվ դա արդեն նշմարվում է։ Պատերազմի օրերին ականատես եղանք նաև Թվիթերի լսարանի կտրուկ աճի։ Անկասկած, շատերը մտան Թվիթեր, որ մասնակցեն տեղեկատվական հակամարտությանն ու միայն դրա համար։ Այնպես որ, իրենցից շատերը կվերադառնան Ֆեյսբուք։

Բայց արդեն փաստ է, որ Թվիթերի լսարանն աննկարագրելի ակտիվացել է և շատերը հիմա այս հարթակը դիտարկում են որպես ֆեյսբուքյան հասարակա-քաղաքական թեմաների քննարկման այլընտրանք: 

Ինստագրամը այդպես էլ Հայաստանում չդարձավ տեղեկատվական կամ հասարակական հարթակ։ Հակառակը, այն լավագույն տեղն է՝ այդ ամենից փախչելու համար։ Ինստագրամը դինամիկ աճող հարթակ է, որի լսարանը տարիներ շարունակ չի նվազում և շուտով կհատի մեկ միլիոնի շեմը։ 

Գ․  Առանձին նշենք TikTok-ը, որը շարունակում է հավաքել լսարան Հայաստանում։ Այստեղ արդեն հայտնվել են մի քանի լրատվականներ։ Կարծում եմ, լրատվականների ներհոսքը կլինի շատ ավելի զանգվածային մոտակա ամիսներին։ 

Առանձին նշեմ, որ վերջին շաբաթներին աննախադեպ աճում է Հայասանում մեկ այլ հարթակ՝ Likee։ Սա փաստացի TikTok-ի տիպի հարթակ է, որտեղ մինչև վերջերս ակտիվ էին հիմնականում դպրոցականները։ Հնարավոր է այստեղ նույնպես որոշ փոփոխություններ տեսնենք, չնայած հավանականությունը փոքր է, որ Likee-ն TikTok-ի հաշվին լսարան կհավաքի։ 

Դ․ Բայց այս ամենը երկրորդական է։ Առաջնայինը ընդհանուր հասարակական, քաղաքական և տնտեսական վիճակն է՝ ապագա տարում։ 

Ընդհանուր իրավիճակը կունենա մեծ ազեցություն տեղեկատվական դաշտի վրա։ Ներքաղաքական քաոսը մի կողմից հանգեցնում է տեղեկատվական հակամարտության, որը ներգրավում է փաստացի բոլոր հարթակներին։ 

Մյուս կողմից՝ անվստահությունը բոլոր աղբյուրների հանդեպ ստեղծում է հակառակ պատկեր՝ գերվստահություն կամայական աղբյուրի հանդեպ։

Ինչի պատճառով, օրինակ, ադրբեջանական քարոզչությունը մեծ ուժով ներթափանցում է հայաստանյան մեդիա տիրույթ։ Հաճախ ոչ անմիջականորեն, այլ միջնոդավորված Տելեգրամ ալիքների միջոցով։ 

Տնտեսական վիճակի վատթարացումը ներքաղաքական հակամարտության ֆոնին ունենալու է խիստ բացասական հետևանքներ։ Գովազդի շուկայի նեղացումը կբերի կամ մի շարք լրատվականների փակմանը, կամ կաճի նրանց կախվածությունը քաղաքական հովանավորներից։ 

Ամեն դեպքում խմբագրություններին բարդ տարի է սպասում։ 

--00--ԱԹ