ԱԳ նախարարն ու լիտվացի գործընկերը խոսել են ՀՀ-Եվրոպական Միություն գործընկերության մասին

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ