ԱՄՆ-ն դատապարտել է կիբերհարձակումը Լուգարի կենտրոնի վրա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Լուգար

ԱՄՆ-ն դատապարտում է կիբերհարձակումը Վրաստանի Առողջապահության նախարարության համակարգչային ցանցի վրա։ Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան հատուկ հայտարարության մեջ:

Հաքերների թիրախը պանդեմիայի կառավարման ինֆորմացիան է եղել, որը պահպանվում է Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնի և ԱՆ-ի այլ ստորաբաժանումների բազաներում։

ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ պանդեմիայի մեկնարկից ի վեր Լուգարի կենտրոնը օգնել է պահպանել Վրաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը` որոշիչ դեր խաղալով Կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Միացյալ նահանգները դատապարտում է այս անմիտ ու վտանգավոր կիբերհարձակումը։  Մենք կոչ ենք անում այն ուժերին, որոնք գործում են  կիբերանվտանգության համակարգի սահմաններից դուրս, կատարել պարտականությունները և անհապաղ դադարեցնել վնասակար գործողությունները», — ասված է հայտարարության մեջ։

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարձակումն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Համակարգչային ցանցի ապօրինի ներթափանցման փաստով հետաքննություն է անցկացնում Վրաստանի ՆԳՆ-ն։ Գերատեսչությունը նպատակ ունի օգնություն խնդրել միջազգային գործընկերներից։

--00--ԱԹ